Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Ջիլավյանը եւ լեհական PWPW ընկերության լիազոր ներկայացուցիչ Յոզեֆ Ֆերբերը հունիսի 30-ին ստորագրել են Հայաստանում թվային տախոգրաֆի համակարգի ստեղծման, ներդրման, աշխատանքների ձեռքբերման եւ գործարկման վերաբերյալ փոխադարձ ակտ:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսպիսով հուլիսի 1-ից ՀՀ միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցների սեփականատերերը եւ վարորդները հնարավորություն կունենան դիմել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն` ձեռք բերելու թվային տախոգրաֆների /հսկիչ սարքերի/ քարտեր:
Թվային տախոգրաֆն արձանագրելու է բեռնատար տրանսպորտային միջոցի արագությունը, անցած ճանապարհը եւ ամենակարեւորը` վարորդի վարելու եւ հանգստի ռեժիմները: Համակարգի ներդնումը կնպաստի Հայաստանում եւ հանրապետության տարածքից իրականացվող միջպետական բեռնափոխադրումների անվտանգության բարձրացմանը եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը:
Թվային տախոգրաֆների տեղադրման անհարժեշտությունը բխում է «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներից, որին Հայաստանը միացել է 2006թ.-ին:
Համակարգի ներդրումը պայմանավորված է նաեւ նրանով, որ Հայաստանում հաշվառված բեռնատար տրանսպորտային միջոցները 2011 թվականից հնարավորություն չէին ունենա մուտք գործել վերը նշված համաձայնագրի կողմ պետությունները:
Նշենք, որ Անդրկովկասի երկրներից թվային տախոգրաֆի համակարգն առաջին անգամ ներդրվում է Հայաստանում:




























