Հայաստանի Ազգային ժողովի նոր պատգամավոր է դարձել Համլետ Զաքարյանը, ով փոխարինել է Արման Սահակյանին (Գալուստ Սահակյանի որդին է), ով օրերս նշանակվել է Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ:
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա` հունիսի 30-ի նիստում, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 125-րդ հոդվածի 8-րդ մասով, Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը փոխանցեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու` Համլետ Ավետիսի Զաքարյանին:
Վերջինս Երեւանի էկոլոգիայի, տնտեսագիտության եւ իրավունքի հայկական ինստիտուտի ռեկտորն է, ՌԴ էկոլոգիական եւ հումանիտար ակադեմիաների ակադեմիկոս, պրոֆեսոր:
ԿԸՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հանձնաժողովը քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով սահմանել է լրացուցիչ հնարավորություններ: Սահմանվել են տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու հայտի ձեւը, կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի եւ տեղեկությունների ցանկը, տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումն ըստ ընտրական տեղամասերի:
Որոշում է ընդունվել դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, վստահված անձանց կողմից քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման եւ հաշվարկման գործընթացներին հետեւելու կարգը սահմանելու մասին:




























