Հայաստանի վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշիվը 2011 թ. առաջին եռամսյակի արդյունքներով շարունակում է մնալ բացասական: Այդ մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ: 

Ավելին` նախորդ տարվա 1-ին եռամսյակի համեմատ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի բացասական մնացորդն ավելացել է 15.5 մլն դոլարով եւ կազմել 432 մլն դոլար: Ընթացիկ հաշվի դեֆիցիտը հիմնականում գոյանում է ապրանքների արտահանման նկատմամբ ներմուծման հսկայական գերակշռման հաշվին:

Ի տարբերություն ընթացիկ հաշվի` կապիտալի եւ ֆինանսական հաշիվը դրական է 429 մլն դոլարով: Ընդ որում`նախորդ տարվա համեմատ կապիտալի հաշվի դրական մնացորդն ավելացել է մոտ 20 մլն դոլարով: Դրական մնացորդը հիմնականում գոյանում է արտասահմանյան ներդրումների  շնորհիվ:

Նշենք, որ 2010 թ. արդյուքներով վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի դեֆիցիտը կազմում էր 1.3 մլրդ դոլար, իսկ կապիտալ հաշվի հավելուրդը` 1.28 մլրդ դոլար: