Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքի բնակչուհին իր տան ձեղնահարկում գտել է ԱՄՆ անկախության հռչակագրի կրկնօրինակը եւ դարձել միլիոնատեր, հայտնել է BBC News-ը:
Փաստաթուղթը հայտնաբերել է հազվագյուտ գրքերի մասնագետ Քեթի Մարսդենը՝ ձեղնահարկը դասավորելիս: «Դասավորում էի թղթերի մի տրցակ եւ ծալված մագաղաթ նկատեցի», - պատմել է կինը:
Նա թուղթը անմիջապես տարել է աշխատավայր, որտեղ երկար ուսումնասիրություններից հետո հաստատվել է դրա իսկությունը: Գտնված Անկախության հռչակագիրը 201 տպագրություններից մեկն էր, որը կատարել է պատճենահան Ուիլյամ Սթոունը 1820-ական թվականներին ԱՄՆ Սենատի համար: Այս պահին հայտնի է այս շարքի 48 փաստաթղթերի գտնվելու վայրի մասին:
Մարսդենը կարողացել է հաստատել, որ իր գտածոն Չարլզ Քերոլին պատկանող երկու օրինակից մեկն էր՝ քաղաքական գործիչներից մեկի, որը 1776 թվականի հուլիսի 4-ին ստորագրել է ԱՄՆ անկախության հռչակագիրը: Նա այն նվիրել է թոռնուհու ամուսնուն` Ջոն ՄաքԹավիշին` շոտլանդացի-կանադացի դիվանագետին, որը ծառայում է որպես Մերիլենդ նահանգում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ:
ԱՄՆ-ում հուլիսի 1-ին փաստաթուղթը վաճառվել է աճուրդում՝ 4 միլիոն 420 հազար դոլարով:





























