Գիտնականներն արդեն հարյուրավոր տարիներ փորձում են պարզել Քեոփսի բուրգի գաղտնիքները եւ հայտնաբերել հոյակապ հին կառույցի ներսում գտնվող բոլոր գաղտնի սենյակները: Դրանում ժամանակակից հետազոտողներին կօգնեն ամենաառաջադեմ տեխնոլոգիաները, մասնավորապես` բուրգի եռաչափ մոդելները, որոնք ստեղծվել են էլեկտրամագնիսական սքանավորման միջոցով, հայտնում է Planet-today-ը:

Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ այլ երկրներից գիտնականների հետազոտական խումբը հայտարարել է, որ նոր տեխնոլոգիաները թույլ կտան մոտենալ Եգիպտոսում Քեոփսի բուրգի բոլոր գաղտնիքների բացահայտմանը: Գիտնականները մտադիր են հոլոգրաֆիկական ստորգետնյա ռադարներ օգտագործել՝ բուրգի ներքին կառուցվածքն ուսումնասիրելու համար: Տեխնոլոգիան, ըստ գիտական խմբի ներկայացուցիչների, թույլ կտա բառացիորեն լուսավորել բուրգը՝ ներսում հնարավոր թաքնված սենյակները գտնելու համար:

Գիտնականները նախատեսում են օգտագործել ինչպես «լույսի ներքո» թաքնված սենյակների որոնման մարտավարությունը, այնպես էլ «արտացոլման» տեխնիկան: Միեւնույն ժամանակ, ռադիոճառագայթման հաղորդիչները եւ ընդունիչները տեղակայված կլինեն ոչ միայն Քեոփսի բուրգի մակերեւույթին, այլեւ ներսում՝ նման բան արդեն արվել է, երբ ուսումնասիրության համար օգտագործվում էին մյուոնի հաղորդիչներ: Հետազոտությանը կօգնի հատուկ մաթեմատիկական մոդելը, որը ստեղծվել է սքանավորման տվյալների հիման վրա դատարկությունները հայտնաբերելու համար: Նոր նախագծի հեղինակները ցանկանում են ստեղծել Քեոփսի բուրգի առավել ճշգրիտ 3D մոդելը, որպեսզի դրա վրա հիմնվեն հետագա հետազոտությունների ժամանակ: