Շատ տարիներ առաջ գիտնականները ծովային բնակիչների՝ անեմոնների, մարջանների եւ մեդուզաների մարմինների ներսում հայտնաբերել էին առեղծվածային դեղին բջիջներ, որոնք այս կենդանիների մարմնի մաս չեն կազմում: Գիտնականների կողմից կազմավորումների առաջին նկարագրումից 140 տարի անց նոր հետազոտությունը նորից հետաքրքրություն է առաջացրել դրանց նկատմամբ: Պարզվել է, որ դրանք պատկանում են նախկինում չնկարագրված վեց տեսակների, հետազոտությունը հրապարակվել է European Journal of Phycology-ում:
Կենսաբան Կառլ Բրանդտը 19-րդ դարի վերջին բացահայտված դեղին բջիջները դասել է Zooxanthella ցեղին: Հաջորդ տարի շոտլանդացի Պատրիկ Գեդեսը հայտնաբերել է, որ այդ բջիջները գենետիկորեն կապված չեն այն կենդանի էակների հետ, որոնց ներսում ապրում են, քանի որ դրանք երկկողմանի սիմբիոտներ են: Տարիներ անց գիտնականները պարզել են, որ այս միկրոօրգանիզմները ֆոտոսինթետիկ դինոֆլագելատներ են կամ միաբջիջ ջրիմուռներ, որոնք ծովային բնակիչների հետ համակեցության մեջ են:
Նոր ուսումնասիրության ընթացքում մասնագետները մանրազնին ուսումնասիրել են դեղին բջիջները՝ օգտագործելով գենետիկական տվյալներ, աշխարհագրական տվյալներ եւ ձեւաբանություն, որպեսզի ճշգրիտ որոշեն, թե Երկրի վրա ապրող կենսաբանական տեսակների մեծ ծառի վրա որտեղ է դրանց տեղը: Պարզվել է, որ դեղին բջիջները, որոնց նմուշները գիտնականները հավաքել են աշխարհի տարբեր մասերում, պատկանում են նախկինում չնկարագրված վեց տեսակների: Չնայած արտաքին նմանությանը, դրանք շատ տարբեր են եւ ապրում են աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ սառը ջրերում:





























