Ավստրալիայի իշխանությունը սեպտեմբերին կսկսի պատվաստել 40 տարեկանից ցածր քաղաքացիներին: Այս մասին հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով կառավարական օպերատիվ խմբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ջոն Ֆրյուենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ մինչեւ 40 տարեկան բոլոր քաղաքացիները կստանան Pfizer կամ Moderna պատվաստանյութ այս տարվա սեպտեմբերից հոկտեմբերը:
Նա նշել է, որ տվյալ պահին երկրում բավական քանակությամբ պատվաստանյութերի պաշար կա, քանի որ արտադրվում է հավանություն տրված դեղամիջոցներից մեկը՝ բրիտանաշվեդական AstraZeneca-ի պատվաստանյութը:
Ավստրալիայում համաճարակաբանական իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է մնում: Վերջին շաբաթներին Սիդնեյում նկատվում է վարակվածների թվի աճ, սակայն իշխանությունը վստահ է, որ կոշտ կարանտինը, որը հայտարարվել էր մեգապոլիսում եւ հարակից բնակավայրերում հունիսի 26-ին, կօգնի զսպել վարակի տարածումը:





























