Արիել Անրին, որը նշանակվել էր Հայիթիի վարչապետի պաշտոնում նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից երկու օր առաջ, սակայն չէր հասցրել ստանձնել պաշտոնը, ընդհանուր առմամբ դրական է գնահատում վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆի եւ Նախարարների խորհրդի՝ իրավիճակի կայունացմանն ուղղված գործողությունները, սակայն կարծում է, որ հենց ինքը պետք է ստանձնի կառավարությունը մինչ նոր ընտրությունները՝ սեպտեմբերի 26-ը: Այս մասին քաղաքական գործիչը պատմել է Le Nouvelliste թերթին:

«Պարոն Կլոդ Ժոզեֆն այսօր լավ է աշխատել, եւ ես դա գնահատում եմ: Բայց հենց ես էի նշանակվել վարչապետ, իսկ Կլոդը [Ժոզեֆը] ժամանակավոր վարչապետ է,- ասել է քաղաքական գործիչը:- Կարծում եմ, որ պետք է միմյանց հետ խոսենք: Կլոդը պետք է մնար իմ կառավարությունում», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Անրին հավելել է, որ ներկայիս կառավարությունը լիարժեք չի համարում: «Սա կառավարություն է, որը ավելի վաղ հրաժարական էր տվել, որքանով ես գիտեմ, այն լիարժեք չէ: Եթե ​​այլ նախարարների խորհրդի կարիք չլիներ, կարծում եմ, որ Նախագահ Ժովենել Մոիզեն ինձ չէր կանչի խորհրդակցություններ անցկացնելու [դրա ձեւավորման վերաբերյալ]: Մենք չպետք է մտածենք, որ իրավիճակն այժմ հանկարծակի խաղաղ դարձավ»,- ասել է նա պարբերականին:

Ավելի վաղ Անրին քննադատության էր ենթարկել հանրապետական ​​իշխանությունների՝ երկամսյա ռազմական դրություն մտցնելու որոշումը: Նրա կարծիքով՝ վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը եւ Հայիթիի Նախարարների խորհուրդը միջոցառումը հաստատելիս առաջնորդվում էին հույզերով եւ վախով: