Երեւանի փողոցներում հազարավոր թափառող շներ կան, որոնք վտանգ են ներկայացնում բնակիչների համար: Այդ խնդիրը լուծվում է կենդանիներին պարբերաբար որսալու եւ ոչնչացնելու միջոցով: Սակայն վերջին շրջանում կենդանիների իրավունքների պաշտպաններն սկսել են իշխանություններին կոչ անել անցնել առավել հումանիտար մեթոդների:
Ինչպես փոխանցում է ARMENIA Today-ը, ակտիվիստները Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին ուղղված իրենց ուղերձում քաղաքային իշխանություններին կոչ են արել շների ոչնչացման փոխարեն մշակել նրանց ստերիլացման ծրագիր: «Եթե մենք հնարավորինս արագ չլուծենք այդ հարցը, իրավիճակը կարող է ավելի ծանրանալ: Շների բազմացումը ոչ միայն ավելանում է, այլեւ նրանք ավելի ագրեսիվ են դառնում: Վերջին հինգ տարում ավելացել են թափառող շների հարձակման դեպքերը բնակիչների վրա», -պնդում է կենդանիների իրավունքների պաշտպանության բրիտանական «Pro Paws» բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը:
Նրա խոսքով` տարեկան իշխանությունները բյուջեից հատկացնում են մոտ կես միլիոն դոլար շների ոչնչացման համար: «Յունիգրաֆ իքս» կազմակերպության կայքում, որը պետք է քայլեր ձեռնարկի կենդանիների բազմացումը վերահսկելու ուղղությամբ, հաղորդվում է «թափառող կենդանիների ստերիլացման» մասին: Սակայն իրավապաշտպան ակտիվիստների կարծիքով` ընկերությունը հիմնականում ոչնչացնում է կենդանիներին:



























