Ադրբեջանը շարունակելու է պայքարել բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցության դեմ: Այսօր` հուլիսի 4-ին մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել «Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսնադր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, այս փուլում Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին անհնար է Ադրբեջանի դիրքորոշման պատճառով: Հակառակ դեպքում, ըստ Իսկանդարյանի, դա կնշանակեր, որ Բաքվում պատրաստ են իրական փոխզիջումների, իրական զիջումների: Նա կրկին նշել է, որ Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է ոչ թե հարցը լուծելու, այլ հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար:
Իսկանդարյանը նշել է, որ համանախագահները բազմաթիվ անգամ հայտարարել են բանակցություններին ԼՂ մասնակցության անհրաժեշտության մասին: Ներկայումս Լեռնային Ղարաբաղը բանակցություններին գաղտնի կերպով է մասնակցում` Երեւանի միջոցով: Միջնորդները փորձում են պատկերացում ունենալ Ստեփանակերտի դիրքորոշման մասին եւ Երեւանը տեղյակ է պահում նրանց ԼՂ դիրքորոշման մասին:
Նշենք, որ ղարաբաղյան կողմը մինչեւ 1998 թվականը եղել է բանակցությունների կողմ, որից հետո Ալիեւ-Քոչարյան ձեւաչափով հանդիպումների շարքով Ղարաբաղը դուրս մղվեց բանակցություններից:




























