Գերմանիայի պաշտպանության նախարարը մերժել է զինվորականներին Աֆղանստան վերադարձնելու կոչը այն բանից հետո, երբ թալիբները գրավել են Կունդուզ քաղաքը, որտեղ տասը տարի տեղակայված էին գերմանական զորքերը, հաղորդում է Reuters-ը:

Գերմանիան ուներ Աֆղանստանում երկրորդ ամենամեծ ռազմական զորախումբը՝ ԱՄՆ-ից հետո:

Թալիբները գրավել են չորս նահանգների, այդ թվում՝ Կունդուզի մայրաքաղաքը:

«Կունդուզից եւ Աֆղանստանի բոլոր շրջաններից ստացվող զեկույցները ցավ ու դառնություն են առաջացնում»,-ասել է պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը: «Պատրա՞ստ են արդյոք հասարակությունը եւ խորհրդարանը զինված ուժեր ուղարկել պատերազմ եւ այնտեղ մնալ թեկուզ մեկ սերունդ: Եթե մենք պատրաստ չենք, ապա գործընկերների հետ զորքերի համատեղ դուրսբերումը մնում է ճիշտ որոշում»:

Նրա կուսակցությունից ոմանք ցանկանում են, որ գերմանական զորքերը մասնակցեն թալիբների դեմ պայքարին, սակայն Կրամպ-Կարենբաուերն ասել է, որ հաղթելու համար երկար ու դժվարին արշավ կպահանջվի:

Կրամպ-Կարենբաուերը մեղադրել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին Աֆղանստանում իրականացվող գործողությունը տապալելու համար, չնայած դուրսբերման քաղաքականությունն իրականացնում է նրա իրավահաջորդ Ջո Բայդենը: «Թալիբների հետ Թրամփի անհաջող գործարքը վերջի սկիզբ դարձավ»,- ասել է նա: