Եգիպտոսում գիտնականների շրջանում բուռն բանավեճեր են սկսվել այն բանից հետո, երբ պրոֆեսոր Ջոան Ֆլեթչերը հայտարարել է, որ Թութանհամոնի հուղարկավորման դիմակն ի սկզբանե փարավոնին չի պատկանել, այլ պատրաստված է եղել մեկ այլ տիրակալի, եւ, հավանաբար, կնոջ համար, հայտնել է Al-Monitor-ը:
Հետազոտող Ջոան Ֆլեթչերը ֆենոմենալ հայտնագործությունն արել է, երբ Եգիպտոսի «ոսկե դարաշրջանի» մասին վավերագրական ֆիլմ է նկարահանելիս եղել: Գիտնականը պարզել է, որ երիտասարդ Թութանհամոնի հուղարկավորման ոսկե դիմակը, հավանաբար, նախատեսված է եղել Նեֆերտիտիի համար:
Պրոֆեսորը հայտարարել է, որ «մասնագետների նոր աշխատանքները կենտրոնացված են դիմակի մեկ առանձնահատկության վրա, այն է՝ ծակված ականջների: Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Թութանհամոնը դեռահաս տարիքից ականջօղեր չի կրել»:
Ֆլեթչերի ենթադրությունները նրա գործընկերների շրջանում բուռն արձագանք են առաջացրել, հնությունների նախկին նախարար դոկտոր Զահի Հավասը հայտարարել է, որ «պրոֆեսոր Ֆլեթչերի տեսությունը հիմնավորված չէ, քանի որ 18-րդ դինաստիայի բոլոր հայտնի տիրակալների ականջները ծակված են եղել եւ ականջօղեր են կրել»:
Ալեքսանդրիայի գրադարանի հնությունների թանգարանի ղեկավար Հուսեյն Աբդել Բազերը խոստովանել է, որ «հայտնի դիմակի հետ կապված միշտ տարօրինակություններ են եղել: Եվ իսկապես, Թութանհամոնի դամբարանում հայտնաբերված ոչ բոլոր հարստություններն են նրա համար պատրաստված եղել: Սակայն դիմակը պատրաստվել է հենց երիտասարդ փարավոնի համար»:
Զբոսավար եւ եգիպտագետ Բասամ ալ-Շամաան իր հերթին ասել է, որ հուղարկավորման դիմակները միշտ չէ, որ պատկերել են փարավոններին, ում համար ստեղծվել են:
«Թութանհամոնի դամբարանում հայտնաբերված հնությունների շարքում եղել են ականջօղեր, եւ, հետեւաբար, մենք չենք դիտարկել այն տարբերակը, որ դիմակը կարող է կնոջ պատկանել», - նշել է նա:





























