Հարավային Ամերիկայից ուղարկված բացիկը 30 տարի անց հասել է հասցեատիրոջը:

Նիլ Կրոկերը բացիկն ուղարկել է Չիլիից 1991 թվականին՝ թագավորական նավատորմում ծառայելու ժամանակ: Բացիկն այս շաբաթվա սկզբին հասել է Դորսեթում բնակվող աներոջ տուն: Կրոկերը ասել է, որ երեք տասնամյակ անց բացիկը տեսնելով՝ «ցնցվել» է:

Նավը վերադառնում էր Ֆոլքլենդյան կղզիներում եռամսյա նավարկությունից եւ հինգ օր կանգ է առել Չիլիի ափին գտնվող Վալպարաիսոյում: Կրոկերն ասել է, որ «աղոտ» հիշում է, թե ինչպես է գրել եւ ուղարկել բացիկը, որում նշել էր, որ «եղանակը եւ լողափերը հիասքանչ են»: Նրա խոսքով՝ 89-ամյա աները «մի փոքր շփոթվել է», երբ ստացել է բացիկը:

Բացիկի վրա դրված է «Լոնդոն 1991» կնիքը, ինչը վկայում է այն մասին, որ բացիկն այն ժամանակ իսկապես հայտնվել է Մեծ Բրիտանիայում: «30 տարիների ընթացքում այն գտնվել է ինչ-որ տեսակավորման գրասենյակում եւ, ի վերջո, հասել է իր նպատակակետին, ուստի սա իսկապես ուշագրավ պատմություն է», - ասել է Կրոկերը: