Ավելի քան երկու տասնյակ ռոհինջա փախստականներ անհետ կորել են այն բանից հետո, երբ նրանց նավը շրջվել է Բենգալյան ծոցում, հաղորդում է AP-ն:

Փախստականներն, ըստ ամենայնի, փորձել են փախչել հեռավոր Բանգլադեշ կղզուց: Մի քանի հազար ռոհինջա նախկինում Մյանմայի հետ սահմանի մոտ մարդաշատ ճամբարներում ապրելուց հետո տեղափոխվել էին կղզի:

Վերաբնակեցումը քննադատության է արժանացել ՄԱԿ-ի եւ իրավապաշտպան խմբերի կողմից, որոնք հայտարարել են, որ կղզին պիտանի չէ բնակության համար: Նախկինում կղզին պարբերաբար հեղեղվում էր մուսսոնային անձրեւներով, բայց այժմ կառավարությունը հայտարարում է, որ այն ունի ծովային պաշտպանական պատեր, հիվանդանոցներ, դպրոցներ եւ մզկիթներ:

«Մենք ցավ ենք ապրում, որ, ըստ հաղորդումների, շատ ուղեւորներ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ, ողբերգական կերպով խեղդվել են: Հաստատված թիվը դեռ հայտնի չէ»,- Facebook-ում հայտնել է ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը:

Նոախալի շրջանի ոստիկանը, որտեղ գտնվում է կղզին, ասել է, որ մոտ 40 փախստականներ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ, եղել են ձկնորսական նավակում: Առնվազն 14 փախստական է փրկվել ձկնորսների կողմից եւ վերադարձվել կղզի, ասել է պաշտոնյան:

ՄԱԿ-ը հայտարարել է, որ տեղի բանգլադեշցի ձկնորսներն առաջինն են ժամանել դեպքի վայր եւ ահազանգել իշխանություններին: