Աֆղանստանում շատ հետաքրքիր զարգացում եղավ. ըստ էության, թալիբները ԱՄՆ-ի, արեւմտյան ուժերի կողմից կառավարվող ուժով Աֆղանստանում տիրեցին իշխանության, այսինքն՝ դա թույլ տրվեց եւ, նույնիսկ, աջակցվեց ԱՄՆ կողմից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական վերլուծաբան Մհեր Հակոբյանը։

«Կարծում եմ դա միջին Ասիան դեստաբիլիզացնելու մի լուրջ հայտ էր, որը թե ինչքանով կստացվի՝ ժամանակը ցույց կտա: Ռուսաստանը՝ ինչպես ասում են՝ իր փափուկ փորահատվածում մշտական խնդիրներ կունենա, որը լրջորեն կշեղի իրեն ուկրաինական խնդրից եւ Անդրկովկասից : Բացառված չէ, որ ինչ-որ մի պահի Ուկրաինայում նույնպես գնա դեստաբիլիզացիա եւ այս պայմաններում ես ամենաշատն անհանգստացած եմ մեր մասին, քանի որ այս դեպքում Ռուսաստանի համար Անդրկովկասը կդառնա երկրորդական, իսկ միջին Ասիայի դեստաբիլիզացիան էլ ընդհանրապես թիկունքային հարված կլիներ եւ երրորդային կլինենք, շատ-շատ վտանգավոր է մեզ համար, հուսանք, այդ վտանգավոր զարգացումներից կկարողանանք խուսափել»,- ասաց Մհեր Հակոբյանը։

Ռազմական փորձագետի կարծիքով` դիմակայելու համար պետք է մենք ուժեղ լինենք, սակայն, ցավոք սրտի, մենք ուժեղ չենք եւ չենք էլ ուժեղանալու. «Ուժեղ լինելու համար երկրում պետք է ինստիտուցիոնալ բարեփոխումներ լինեն` պետական կառավարման համակարգ, տնտեսություն։ Ես այս պահին չեմ տեսնում նույնիսկ դրանց ծիլերը, մենք հիմա ուղղակի իներցիայով գնում ենք, ոչ մի ռազմավարական պլանավորում չենք անում»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլն անցել է իսլամիստական «Թալիբան» շարժման զինյալների վերահսկողության տակ. մայրաքաղաքը թալիբները գրոհով չեն վերցրել, երկրի ՆԳ նախարարը հայտարարել էր, որ իշխանությունը փոխանցվելու է խաղաղ ճանապարհով: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին նախօրեին հրաժարական է ներկայացրել նախագահական պալատում «Թալիբան»-ի առաջնորդների հետ բանակցություններից հետո և, ըստ միջազգային մամուլի հրապարակումների, արագ լքել է Աֆղանստանը:

Ներկա պահին տարածաշրջանային մի շարք երկրներ բանակցություններ են վարում Աֆղանստանում իշխանությունը վերցրած արմատականների հետ, չի բացառվում, որ որոշ պետությունների կողմից «Թալիբան»-ը կարող է ճանաչվել որպես Աֆղանստանի լեգիտիմ իշխանություն: