«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանին մեղադրանք է  առաջադրվել Քրեական օրենսգրքի 178–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով)։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Նախաքննական մարմինը երեք օր առաջ էր ձերբակալել «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենին եւ կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան, որն այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարվել է»,– մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, որը եւս տուժել է տուրիստական գործակալության գործունեության հետեւանքով։

Փաստաբանը դեռ օգոստոսի 12–ին էր ահազանգել, որ «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենը, մի քանի այլ աշխատակիցների հետ, վերջին օրերին հարյուրավոր քաղաքացիներից՝ ծովափնյա հանգստի ուղարկելու պատրվակով, խարդախությամբ հափշտակել են միլիոնավոր դրամներ։

«Մարդիկ գնացել են օդանավակայան եւ չեն կարողացել թռչել, քանի որ տոմսերը կեղծ էին։ Եղել են նաեւ քաղաքացիներ, որոնք մեկնել են օրինակ՝ Եգիպտոս, Դուբայ եւ չեն կարողացել մտնել հյուրանոց, մնացել են դրսում։ Օգոստոսի 12–ին բոլոր տուժածները հավաքվել են տուրիստական գործակալության գրասենյակի մոտ եւ մեկը մյուսից հասկացել, որ խարդախության զոհ են դարձել»,– պատմեց Րաֆֆի Ասլանյանը։

Փաստաբանի տվյալով՝ «Դավինչի» տուրիստական գործակալության գործունեությունից տուժողների թիվը գերազանցում է 120-ը, իսկ հափշտակված ընդհանուր գումարը՝ 100 միլիոն ՀՀ դրամը։ 

Քննչական կոմիտեն դեռ օգոստոսի 13–ին էր հաղորդել, որ փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերի խարդախություն), որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ:

Որոշում է կայացվել՝ հիշյալ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու եւ համատեղ նախաքննություն կատարելու մասին: