Ամերիկացին հայց է ներկայացրել համատիրության դեմ, քանի որ նրան վախեցրել է արջը: Ինչպես հայտնել է USA Today-ը, Ջոն Դոնալդսոնը շան հետ զբոսնելիս է եղել Նեւադա նահանգի Ինկլայն-Վիլիջի համատիրությունում: Այն բանից հետո, երբ փորձել է բացել աղբամանի փականը, ներսում արջ է հայտնաբերել: Նա փորձել է փախչել, սակայն սայթաքել է, ոլորել ոտքը եւ ընկել մեջքի վրա: Դոնալդսոնը վիրահատվել է ողնուղեղի վրա ճնշման եւ այլ վնասվածքների պատճառով:

Այժմ Դոնալդսոնը դատի է տվել Նեւադայի համատիրությանը եւ թափոնների հեռացման ծառայությանը «անսարք աղբամանի» համար:

Հայցադիմումում ասվում է, որ համատիրությունը մի քանի ամիս տեղյակ է եղել աղբամանի փականի անսարքության մասին, եւ այդ տարածքում արջերի հետ կապված խնդրի պատճառով անհրաժեշտ է ունենալ սարքին աղբաման:

Դոնալդսոնը ավելի քան 15.000 դոլար փոխհատուցում է պահանջում: