Ջիբրալթարի իշխանությունները 15 մլն եվրո արժողությամբ 2.6 տոննա կանեփի խեժ են առգրավել այն բանից հետո, երբ արգելված նյութ տեղափոխող նավակը ծովում հետապնդման ժամանակ մաքսային նավի հետ է բախվել, հաղորդել է AP-ն:

Ոստիկանությունը նկատել է նավակը եւ այն կասկածելի գտել, ասվում է Ջիբրալթարի կառավարության հայտարարության մեջ: Ոստիկանական նավը փորձել է հասնել նավակի հետեւից, որը սկսել է դուրս թափել կանաբիսի խեժի կապոցները: Փորձելով խուսափել ձերբակալությունից՝ նավակը բախվել է մաքսային նավի հետ՝ պատճառելով զգալի վնասներ, ասվում է հաղորդագրության մեջ:

Մաքսային ծառայության աշխատակիցները բարձրացել են նավի տախտակամածին եւ ձերբակալել չորս անձի: Ընդհանուր առմամբ առգրավվել է կանաբիսի խեժի 65 կապոց: