Tesla ընկերությունը կստեղծի հումանոիդ ռոբոտ՝ Tesla Bot, ասել է գլխավոր տնօրեն Իլոն Մասկը։

«Հավանաբար, եկող տարի մենք կունենանք նախատիպը, որը ահա այսպիսի տեսք կունենա»,- ասել է Մասկն այն բանից հետո, երբ բեմահարթակում հայտնվել է բաճկոնով դերասանը։ Նա նշել է, որ դերասանն իսկական ռոբոտ չէ, բայց «Tesla Bot-ը իսկական կլինի», տեղեկացնում է CNBC-ն։

Մասկի խոսքով, եթե հումանոիդ ռոբոտը կարողանա կատարել կրկնվող առաջադրանքները, որոնք այսօր կարող են կատարել միայն մարդիկ, այն շանս կունենա վերափոխելու համաշխարհային տնտեսությունն ի հաշիվ աշխատուժի ծախսերի կրճատման։ Սակայն Մասկը նախազգուշացրել է, որ ռոբոտը «ամենայն հավանականությամբ, սկզբում չի աշխատի»։ «Իհարկե, այն պետք է բարյացակամ լինի եւ չկատարի վտանգավոր, կրկնվող եւ ձանձրալի առաջադրանքները»,- ասել է Մասկը։

Նրա խոսքով՝ Optimus կոդային անվանմամբ ռոբոտը հիմնված է այն նույն միկրոսխեմաների եւ տվիչների վրա, որոնք Tesla ավտոմեքնենան օգտագործում է ինքնավարման համար։ Մոտ 172 սանտիմետր հասակ եւ 56 կիլոգրամ քաշ ունեցող ռոբոտը կստեղծվի այնպես, որպեսզի մարդիկ կարողանան փախչել ռոբոտից կամ հաղթել նրան։ Մասկի խոսքով՝ ռոբոտն ինքը կկարողանա վազել ժամում 5 մղոն արագությամբ։

Մասկն ասել է, որ ռոբոտը նախատեսված չէ Tesla-ի արտադրությունում օգնության համար, բայց Tesla-ն ստեղծում է բազմաթիվ համակարգիչներ, որոնք անհրաժեշտ են ռոբոտատեխնիկայի համար, ուստի ռոբոտ ստեղծելն իմաստ ունի։