ԱՄՆ սննդամթերքի եւ դեղորայքի որակի ստուգման վարչությունը (FDA)-ն նախազգուշացրել է հասարակայնությունը կենդանիների մակաբույծների դեմ դեղորայք օգտագործելուց (իվերմեկտին) տնային պայմաններում COVID-19 վարակը բուժելու համար:

«Դուք ձի չեք: Դուք կով չեք: Իսկապես: Դադարեք դա»,-ասվում է գործակալության թվիթերյան հաղորդագրության մեջ հոդվածի հետ մեկտեղ, որը բացատրում է, թե ինչու չպետք է իվերմեկտին օգտագործել կորոնավիրուսը բուժելու համար:

Հոդվածում բացատրվում է, որ չնայած իվերմեկտինը կարելի է նշանակել մարդկանց՝ այդ դեղամիջոցը նախատեսված է որոշակի պայմանների դեպքում եւ այն չպետք է օգտագործել բարձր չափաբաժիններով:

Իվերմեկտինը, որը վաճառվում է առանց դեղատոմսի, նախատեսված է կենդանիների համար, ինչպես ձին, եւ օգտագործվում է դրանց ճիճվաթափության դեպքում: Բացի այդ, FDA-ն հայտարարել է, որ իվերմեկտինի կոնցենտրացիան կենդանիների համար խիստ տարբերվում է մարդկանց համար կոնցենտրացիայից:

«Նախ կենդանիների համար դեղորայքը հաճախ ունի բարձր կոնցենտրացիա: Այդպիսի բարձր չափաբաժինները կարող են լինել շատ թունավոր մարդկանց համար»,-հայտարարել է FDA-ն:

Նախազգուշացումը կատարվել է բազմաթիվ հաղորդագրությունների ֆոնին մարդկանց մասին, որոնք հոսպիտալացվել էին, երբ կենդանիների համար իվերմեկտին են օգտագործել, որպեսզի փորձեն բուժել կորոնավիրուսային վարակը: