Եթովպիան սկսել է սոցցանցերի սեփական հարթակի մշակումը՝ Facebook-ի, Twitter-ի եւ Whatsapp-ի հետ մրցակցելու համար, սակայն մտադիր չէ արգելափակել գլոբալ ծառայությունները, հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի պետական ​​անվտանգության գործակալությունը:

Անցյալ տարվանից Եթովպիան գտնվում է զինված հակամարտության մեջ՝ դաշնային կառավարությունն ընդդեմ «Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի» (TPLF), որը վերահսկում է երկրի հյուսիսում գտնվող Տիգրայ շրջանը: Երկու կողմերի կողմնակիցները զուգահեռ «պատերազմում են» սոցիալական ցանցերում:

Կառավարությունը ցանկանում է, որ տեղական հարթակը «փոխարինի» Facebook-ին, Twitter-ին, Whatsapp-ին եւ Zoom-ին, ասել է Տեղեկատվական անվտանգության գործակալության (INSA) գլխավոր տնօրեն Շումետե Գիզավը:

Շումետեն Facebook-ին մեղադրել է գրառումներ եւ օգտատերերի հաշիվներ ջնջելու մեջ, որոնք, նրա խոսքով, «Եթովպիայի մասին իրականությունն են տարածել»:

Նա հրաժարվել է ժամկետ, բյուջե կամ այլ մանրամասներ ներկայացնել: «Տեղական հնարավորությունների վրա հիմնված տեխնոլոգիաների զարգացման պատճառը պարզ է... Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Չինաստանը օգտագործում WeChat-ը»:

Նրա խոսքով՝ Եթովպիան բավական փորձ ունի հարթակներ մշակելու համար եւ կողմնակի մարդկանց չի վարձելու: