Օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար Նյու Դելիում բացվել է առաջին «սմոգի աշտարակը»: Սմոգը տարեկան հազարավոր վաղաժամ մահերի պատճառ է հանդիսանում, հաղորդել է AFP-ն:

Դելիում վտանգավոր մասնիկների կոնցենտրացիան մինչեւ 20 անգամ գերազանցում է անվտանգ մակարդակը, հատկապես ձմռանը:

Ինժեներների խոսքով՝ 25 մետրանոց աշտարակի քառասուն հսկա օդափոխիչները վայրկյանում 1000 խորանարդ մետր օդ կմղեն ֆիլտրերի միջով, ինչի շնորհիվ կրկնակի կկրճատվի վնասակար մասնիկների քանակը մեկ քառակուսի կիլոմետր շառավղով:

«Այսօր Դելիի համար կարեւոր օր է մաքուր օդի համար մղվող պայքարում», - ասել է գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալը: «Մենք կվերլուծենք տվյալները, եւ եթե դրանք արդյունավետ լինեն, Դելիում ավելի շատ աշտարակներ կկառուցվեն», - ավելացրել է նա:

Աշտարակի արժեքը 2 միլիոն դոլար է, եւ քննադատները նշում են, որ ամբողջ քաղաքում օդը մաքրելու համար մեծ թվով աշտարակների կառուցումը հսկայական պետական ​​միջոցներ կպահանջվի, եւ որ ավելի լավ է ջանքերը ուղղել սմոգի աղբյուրներին, որոնցից են մեքենաների արտանետումները, ծանր եւ թեթեւ արդյունաբերությունը, շինարարական գործունեությունը, թափոնների եւ վառելիքի այրումը, ինչպես նաեւ ձմռանը բերքի այրումը հարեւան շրջաններում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհի ամենաաղտոտված 15 քաղաքներից 14-ը Հնդկաստանում են:

2020 թվականի Lancet-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օդի աղտոտվածության պատճառով 2019 թվականին երկրում 1.67 միլիոն մարդ է մահացել, որոնցից 17.500-ը՝ Դելիում:

2018 թվականին Չինաստանը խոշոր 60 մետրանոց սմոգի աշտարակ է կառուցել աղտոտված Սիան քաղաքում, սակայն մինչ այժմ այդ փորձը չի տարածվել այլ քաղաքներում: