Հուլիսի կեսերին Արեւմտյան Եվրոպայում ջրհեղեղների պատճառ դարձած հորդառատ անձրեւները, ամենայն հավանականությամբ, առաջացել են կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքով, հայտնում են World Weather Attribution (WWA) գիտական ասոցիացիայի գիտնականները:

Գերմանիայից, Բելգիայից, Նիդեռլանդներից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից գիտնականները հետազոտություն են անցկացրել, որպեսզի պարզեն, թե որքանով է մարդու կողմից հրահրված կլիմայի փոփոխությունը ազդում ջրհեղեղների պատճառ դարձած անձրեւների հավանականության եւ ինտենսիվության վրա:

Գիտնականները վերլուծել են, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում ամառային սեզոնի առավելագույն օրական տեղումների վրա Գերմանիայի եւ Բելգիայի երկու փոքր շրջաններում, որոնք առավելապես են տուժել են վերջին ջրհեղեղներից:

«Բոլոր առկա տվյալները, ներառյալ ֆիզիկական գործոնները, մեծ տարածաշրջանի դիտարկումները եւ կլիմայի տարբեր տարածաշրջանային մոդելները մեզ վստահություն են տալիս, որ կլիմայի անտրոպոգեն փոփոխությունը մեծացրել է նման երեւույթի հավանականությունն ու ինտենսիվությունը, եւ այդ փոփոխությունները կշարունակվեն գլոբալ տաքացման արագացման պայմաններում»,- ասվում է WWA-ի հաղորդագրության մեջ:

Հուլիսի 12-15-ը Արեւմտյան Եվրոպայում տեղացած հորդառատ անձրեւները ավերիչ ջրհեղեղների պատճառ են դարձել, մասնավորապես՝ Գերմանիայի արեւմուտքում, ինչպես նաեւ Լյուքսեմբուրգում եւ Բելգիայի ու Նիդեռլանդների որոշ հատվածներում: Արդյունքում՝ Գերմանիայում մահացել է ավելի քան 180, Բելգիայում՝ 38 մարդ: Ջրհեղեղները զգալի վնաս են հասցրել ենթակառուցվածքներին` ավերելով շենքեր, կամուրջներ, ճանապարհներ: