Կորոնավիրուսի համավարակը Ասիայի զարգացող երկրներում մինչեւ 80 միլիոն մարդու հասցրել է ծայրահեղ աղքատության: Այս մասին ասվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) զեկույցում, փոխանցել է Lenta-ն:

Խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր ապրում են օրական 1.9 դոլարից պակաս գումարով: Անցյալ տարվա դրությամբ այդպիսի մարդիկ 75-80 միլիոն են եղել: 2017 թվականին 203 միլիոն մարդ (Ասիայի զարգացող երկրների բնակչության 5.2 տոկոսը) ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ, առանց կորոնավիրուսի այս թիվը 2020 թվականին կնվազեր մինչեւ 2.6 տոկոս, ասում են փորձագետները:

Համավարակը սպառնում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջընթացին, ասվում է զեկույցում: Առաջընթացը կանգ է առել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը եւ կրթությունը: Տարածաշրջանի տնտեսությունը վերջին տարիներին արագ աճ է գրանցել եւ 2019 թվականին կազմել է համաշխարհային ՀՆԱ-ի 35 տոկոսը: