Հարավչինական ծովում Չինաստանի գործողությունները հավասարազոր են «հարկադրանքի» եւ «ահաբեկման»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը՝ նշելով, որ Վաշինգտոնը կաջակցի տարածաշրջանում իր դաշնակիցներին՝ ընդդեմ Պեկինի գործողությունների, հայտնում է AP-ն:
«Մենք գիտենք, որ Պեկինը շարունակում է հարկադրել, ահաբեկել եւ պահանջներ ներկայացնել Հարավչինական ծովի ճնշող մեծամասնության նկատմամբ»,- հայտարարել է նա Սինգապուրում: «Պեկինի գործողությունները շարունակում են խարխլել կանոնների վրա հիմնված կարգը եւ սպառնալ ազգերի ինքնիշխանությանը»:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ միասին» կանգնած է Չինաստանի «սպառնալիքների առջեւ»:
Նա Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը «երկրի անվտանգության եւ բարգավաճման համար չափազանց կարեւոր» է անվանել: Նա նշել է, որ մինչ ԱՄՆ-ը կենտրոնացած է Աֆղանստանում առաքելությունն ավարտելու վրա` հնարավորինս շատ մարդկանց տարհանելով, «նաեւ ծայրահեղ կարեւոր է, որ մենք զբաղվելով մի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով, շարունակենք մեր շահերն առաջ տանել մյուսներում, այդ թվում` այս տարածաշրջանում»:
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինը, ի պատասխան նրա քննադատության, նշել է, թե Քաբուլից զորքերի անխտիր դուրսբերումը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը կորցրել է վստահությունը: Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կարող է, ըստ ցանկության, նվաստացնել, ճնշել, պարտադրել եւ ահաբեկել այլ երկրներին՝ առանց որեւէ գին վճարելու»: «Սա այն կարգն է, որն ուզում է ԱՄՆ-ը: ԱՄՆ-ը միշտ փորձում է օգտագործել կանոններն ու կարգը, որպեսզի արդարացնի սեփական եսասեր, վախեցնող եւ հեգեմոն վարքը, բայց ո՞վ է դրան դեռ հավատում»,- ասել է նա։





























