ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Մեգան ՄաքԱրթուրը դիմում է ապագա տիեզերական զբոսաշրջիկներին՝ Երկրի ուղեծիրն ավելին է, քան զվարճանքներն ու խաղերը:
Տիեզերական թռիչքի տպավորիչ փորձը կապված է բազմաթիվ անհարմարությունների, ռիսկերի եւ ամենօրյա առաջադրանքների կատարման դժվարությունների հետ:
Միկոգրավիտացիայի պայմաններում ապրելը «նման է գերունակություն ունենալուն», - ասել է ՄաքԱրթուրը Insider-ին: «Ես կարող եմ բարձրացնել իրեր, որոնք Երկրի վրա չէի կարողանա բարձրացնել, հարկավոր կլիներ երկու կամ երեք մարդու օգնություն»:
«Այն, ինչ երկրի վրա շատ պարզ է, հանկարծ դառնում է իսկապես դժվար, օրինակ՝ քնելը կամ ատամներ լվանալը»:
Տիեզերագնացները ստիպված են կուլ տալ ատամի մածուկը, քանի որ բերանից հեռացնելու դեպքում այն կսկսի շուրջը լողալ: Նրանք քնում են պատին ամրացված քնապարկի մեջ գտնվող հեռախոսախցիկի չափ փոքր խցիկներում: Դրանցում կան օդափոխման անցքեր, որոնք կանխում են ածխաթթու գազի պղպջակների առաջացումը տիեզերագնացների գլուխների շուրջը:
Մի քանի ընկերություններ սկսել են տիեզերական թռիչքներ կազմակերպել հարուստ հաճախորդների համար: Զբոսաշրջիկների առնվազն երկու թիմ է նստելու SpaceX Crew Dragon տիեզերանավ առաջիկա վեց ամսվա ընթացքում. նրանք մարզվում են՝ տիեզերական թռիչքների անհարմարություններին պատրաստ լինելու համար: Սակայն միայն ՄաքԱրթուրի նման պրոֆեսիոնալ տիեզերագնացները իսկապես գիտեն, թե դա ինչի է նման:
Տիեզերագնացները չեն կարող լվացք անել, չեն կարող ցնցուղ ընդունել, փոխարենը պետք է լվացվեն օճառաջրով թրջված սպունգով եւ օգտագործեն չոր շամպուն:
Որոշ տիեզերագնացներ տիեզերագնացությունը համեմատում են ծանր արշավի հետ: Սակայն, իհարկե, սա շատ ավելի ծայրահեղ եւ ռիսկային է:
«Ակնհայտ է, որ պետք է պատրաստ լինեք համակերպվել մի փոքր անհարմարություն եւ որոշակի ռիսկի հետ: Այնպես որ, կարծում եմ՝ պետք է տոկուն լինեք, որպեսզի օգնեք ինքներդ ձեզ հաղթահարել նման բաները եւ հաճույք ստանալ այդ իրավիճակներից», - ասել է ՄաքԱրթուրը:





























