Vianex S.A. հունական դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Դիմիտրիս Յաննակոպուլոսը Instagram-ում մեկնաբանել է չպատվաստված քաղաքացիների նկատմամբ սեպտեմբերից ներդրվող նոր սահմանափակումները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն
Մասնավորապես, գործարարը Հունաստանի կառավարության ձեռնարկած միջոցառումները «ֆաշիստական» է անվանել: «Ես կարծում էի, որ դա մարդկանց վախեցնելու, շանտաժի ենթարկելու միջոց է` նրանց պատվաստվել ստիպելու համար»,- հայտարարել է նա: Նրա կարծիքով՝ նման որոշումը պառակտում է առաջացնում հասարակության մեջ:
Ավելի վաղ Հունաստանի առողջապահության նախարար Վասիլիս Կիկիլիասը հայտարարել էր երկրում չպատվաստվածների համավարակի մասին: Նրա խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվող հիվանդների 90 տոկոսը պատվաստված չէ:
Սեպտեմբերի 13-ից պետական մարմինները չեղարկում են պատվաստանյութ չստացած անձանց համար նախատեսված անվճար ախտորոշիչ թեստերը: Թեստը կարող է հանձնվել 10 եվրոյով: Չպատվաստված քաղաքացիները ստիպված կլինեն շաբաթական մեկ կամ երկու անգամ թեստ հանձնել՝ աշխատանքի գնալու, սովորելու կամ հասարակական տրանսպորտով ճանապարհորդելու համար: Բացի այդ, սննդի հաստատությունները, ակումբները եւ ժամանցի կենտրոնները բաց կլինեն միայն այն անձանց համար, ովքեր պատվաստվել կամ հիվանդացել են վերջին վեց ամսվա ընթացքում:





























