Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել երկրի տարբեր հատվածներում եւս ութ պրեֆեկտուրաներում կորոնավիրուսային արտակարգ իրավիճակ մտցնելու որոշմանը: Վարչապետ Յոսիհիդե Սուգան այս մասին չորեքշաբթի հայտնել է վարակի տարածման դեմ միջոցառումներին նվիրված կառավարության շտաբի նիստին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Երկիրը շարունակում է վարակման նոր դեպքերի աճ գրանցել: Այդ պատճառով մենք որոշեցինք արտակարգ իրավիճակների գոտուն ավելացնել Այչի, Գիֆու, Միե, Միյագի, Օկայամա, Շիգա, Հիրոսիմա եւ Հոկայդո պրեֆեկտուրաները: Միջոցառումներն ուժի մեջ են օգոստոսի 27-ից սեպտեմբերի 12-ը»,- ասել է նա: Սուգան նաեւ տեղական իշխանություններին հորդորել է ուժեղացնել առողջապահական համակարգի աջակցությունը՝ համապատասխան հիվանդանոցային մահճակալներ եւ սարքավորումներ ապահովելու համար, այդ թվում արհեստական ​​շնչառական սարքեր: Վարչապետը կոչ է արել հատուկ ուշադրություն հատկացնել դպրոցներում եւ այլ կրթական հաստատություններում վիրուսի տարածման կանխարգելմանը:

Ներկայումս արտակարգ ռեժիմը գործում է Ճապոնիայի եւս 13 շրջաններում, այդ թվում ՝ Տոկիոյում, Օսակայում, Կիոտոյում եւ Օկինավայում: Այսպիսով, միջոցառումները կտարածվեն 47 պրեֆեկտուրաներից 21-ի վրա:

Իշխանությունները մտադիր են ընդլայնել կորոնավիրուսի դեմ ուժեղացված միջոցառումների ազդեցությունը, որն ավելի մեղմ է, քան արտակարգ իրավիճակը: Պրեֆեկտուրաների թիվը, որտեղ նման ռեժիմ է գործում, ութից կաճի մինչեւ 12: Երկու ռեժիմներն էլ առաջին հերթին սննդի հաստատությունների ոչ ուշ, քան 20:00-ին փակվելու պահանջ եւ ալկոհոլի վաճառքի սահմանափակում են ենթադրում: Ընկերությունները խնդրում են աշխատողների մինչեւ 70 տոկոսին հեռավար աշխատանքի տեղափոխել:

Վերջին շաբաթների ընթացքում Ճապոնիայում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը կայունորեն վատթարանում է: Համավարակի սկզբից ի վեր երկրում վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1.34 միլիոնը, գրանցվել է մահվան 15.7 հազար դեպք: Վարակվածներից մոտ 1.1 միլիոնն ապաքինվել է, գրեթե 2 հազար հիվանդ գտնվում է ծանր վիճակում: