Ամերիկացիները հաշվարկել են Աֆղանստանում 20-ամյա ռազմական ներկայության ծախսերը, որոնք կազմել են մի քանի տրիլիոն դոլար: Այս մասին հայտնել է Fox Business-ը՝ վկայակոչելով Բրաունի համալսարանի «Պատերազմի արժեքը» նախագծի տվյալները:

ԱՄՆ-ի ռազմական առաքելությունն Աֆղանստանում կավարտվի օգոստոսի 31-ին. նախագահ Ջո Բայդենը մտադիր է զորքերը դուրս բերել երկրից: Հակամարտության ժամանակ, որը տեւել է գրեթե 20 տարի, ամերիկացիները ծախսել են 2.31 տրիլիոն դոլար, իսկ Բրաունի համալսարանի փորձագետները կանխատեսում են, որ ծախսերը մոտ ապագայում միայն կշարունակեն աճել:

Լրացուցիչ ծախսերը կուղղվեն վետերաններին ապահովելու համար: Հարվարդի համալսարանի Քենեդու անվան դպրոցի պրոֆեսոր Լինդա Բիլմեսի հրապարակման համաձայն՝ Աֆղանստանում եւ Իրաքում ծառայած վետերաններին բժշկական օգնության եւ հաշմանդամության նպաստների տրամադրման երկարաժամկետ ծախսերը կարող են հասնել 2.5 տրլն դոլարի: Բացի այդ, ԱՄՆ-ը պետք է մարի իր ռազմական պարտքը, որի տոկոսավճարները մինչեւ 2050 թվականը կարող են գերազանցել 8 տրիլիոն դոլարը:

Գումարային կորստից բացի, հակամարտության մասնակից երկրները բազմահազար մարդկային զոհեր են ունեցել: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2001 թվականի հոկտեմբերից Աֆղանստանում ծառայել է 800 հազար ամերիկացի զինվորական: Զոհվել է ավելի քան 6.000 ամերիկացի եւ սպանվել է ավելի քան 100 հազար աֆղանստանցի: Եվս 20 հազար ամերիկացի զինծառայողներ վիրավորվել են ռազմական գործողությունների ընթացքում: