«Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցության ներկայացուցիչ Միշել Բարնյեն մտադիր է առաջադրվել Ֆրանսիայում նախագահական ընտրություններում: Բարնյեն այս մասին հայտնել է հինգշաբթի TF1 հեռուստաալիքին եւ Le Figaro թերթին տված հարցազրույցում: Նա նախ պետք է հաղթի նախնական ընտրություններում՝ որպես աջ կենտրոնամետ թեկնածու:

«Ես թեկնածու կլինեմ, քանի որ ցանկանում եմ դառնալ նախագահ, որը կհարգի ֆրանսիացիներին եւ կստիպի ուրիշներին հարգել Ֆրանսիան: Մենք ապրում ենք վտանգավոր եւ անկայուն աշխարհում: Մեր երկիրը թուլացած է, անհրաժեշտ է այլընտրանքային մոտեցում ցուցաբերել՝ մարդկանց հաշտեցնելու, համախմբելու եւ համաձայնեցված գործողություններ սկսելու համար», - ասել է քաղաքական գործիչը, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշել է Բարնյեն, Brexit-ի շուրջ բանակցողի աշխատանքն ավարտելուց հետո ինքը «շատ է քննարկել եւ լսել, մշակել է սեփական թիմի ձեւավորումը եւ քաղաքական նախագծի պատրաստումը»: «Գոլիզմից սկսած՝ Եվրամիության կառուցումը միշտ եղել է Ֆրանսիայի համար կարեւոր նպատակ», - շարունակել է նա: «Սակայն, ի տարբերություն Գերմանիայի, Ֆրանսիայի ազդեցությունն այս ոլորտում արդեն 12 տարի է՝ նվազում է: Դա անհրաժեշտ է շտկել», - ասել է քաղաքական գործիչը:

Նրա խոսքով՝ «շատ բան է անհրաժեշտ փոխել Եվրամիությունում, քանի որ Եվրահանձնաժողովի եւ ԵՄ երկրների ղեկավարությունների թույլ տված սխալները հանգեցրել են բնակչությանը համայնքից հեռացնելուն, դրա նպատակները չհասկանալուն, իսկ երբեմն նույնիսկ զայրույթի եւ դժգոհության»: «ԵՄ-ում չափազանց շատ բան այժմ ապականոնակարգված է, շատ բան արվում է միամտորեն եւ չափազանց շատ է բյուրոկրատիան: Իսկ ես այնպիսի պաշտոններ եմ զբաղեցրել, որոնք թույլ են տվել գիտակցել, թե կոնկրետ ինչ է պետք փոխել ԵՄ-ում եւ ինչպես հասնել դրան», - ընդգծել է քաղաքական գործիչը: