Ավստրիայի նախկին փոխկանցլեր Հանց Քրիստիան Շտրախեն դատապարտվել է 15 ամսվա պայմանական ազատազրկման կոռուպցիայի գործով, որը կապված է «Իբիցա գեյթ» սկանդալի հետ, հաղորդում է AFP-ն:
«Իրադարձությունների հաջորդականությունը կասկածի տեղիք չի թողնում»,- դատական նիստից հետո ասել է դատավոր Կլաուդիա մորավեք Լոյդոլթը:
Ավստրիայում 2019 թվականի մայիսին բռնկվել էր ներքաղաքական սկանդալ «Իբիցա գեյթ» անվանմամբ: Der Spiegel եւ Süddeutsche Zeitung գերմանական պարբերականները տարածել էին 2017 թվականին արված կարճ տեսագրություն Հանց Քրիստիան Շտրախեի եւ նրա օգնական Յոհաննա Գուդենուսի մասնակցությամբ: Կադրերում, որոնք նկարահանվել էին թաքնված տեսախցիկով, նրանք քննարկում էին ինչ-որ ռուսախոս կնոջ հետ, որը ներկայանում էր որպես ռուս օլիգարխի զարմուհի, Ավստրիայում կնոջը շինարարական կոնտակտների պարզեցված հասանելիությունը շնորհելու հնարավորությունը՝ փոխարենն առաջարկելով խորհրդարանական ընտրությունների նախօրեին ֆինանսական աջակցություն Ավստրիայի ազատության կուսակցությանը:
Տեսանյութի հրապարակումը հանգեցրել էր Շտրախեի հրաժարականին կուսակցության առաջնորդի եւ Ավստրիայի փոխկանցլերի պաշտոնից, որը զբաղեցրել էր 2017 թվականի ընտրությունների արդյունքում: Նրա կուսակցությունը լքել էր կառավարական կոալիցիան Ավստրիայի ժողովրդական կուսակցության հետ: Կառավարությունը կանցլեր Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ խորհրդարանի կողմից անվստահության քվե ներկայացնելուց հետո հրաժարական էր տվել: Դա հանգեցրել էր անցած տարվա սեպտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը Ավստրիայում: Ավստրիայի դատախազության կից «Իբիցա» քննչական հանձնաժողովը 2019 թվականի մայիսի վերջերից հետաքննություն է իրականացնում եւ փորձում է պարզել սկանդալային տեսագրության հեղինակներին ու պատվիրատուներին:





























