«Թալիբան» ծայրահեղական շարժման կրթության նախարարի պաշտոնակատար Աբդուլ Բաքի Հաքանին հայտարարել է, որ Աֆղանստանի բուհերում ուսանողներն ու ուսանողուհիներն առանձին կսովորեն, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Աֆղանստանցի աղջիկները սովորելու իրավունք ունեն, սակայն չեն կարող սովորել երիտասարդների հետ միեւնույն դասարանում։ Ուսանողուհիների համար անվտանգ կրթական միջավայր կապահովվի»,-ասել է Հաքանին, ում խոսքը մեջբերում է «TOLOnews» հեռուստաալիքը։

Իր հերթին, երկրի նախկին նախագահ Աշրաֆ Ղանիի օրոք կրթության նախարարի պաշտոնը զբաղեցնող Աբաս Բասիրը հայտարարել է, որ թալիբները խոստացել են պահպանել աֆղանական կրթական համակարգի բոլոր ձեռքբերումները։  

Կրթության նախարարի պաշտոնակատարը խոստացել է նաեւ, որ մոտ ժամանակներս կվերսկսվի համալսարանների աշխատանքը, եւ կրկին կվճարվեն նախարարության աշխատողների եւ դասախոսների աշխատավարձերը։

Ավելի վաղ «Թալիբան»-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Վահիդուլլահ Հաշիմին «Reuters»-ին տված հարցազրույցում նշել է, որ աղջիկների համար կրթության հասանելիության հարցը կորոշի ուլեմների (աստվածաբանության ոլորտի մասնագետների) խորհուրդը։