Դանիայի առողջապահական մարմինները ծանր իմունային անբավարարություն ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս ստանալ կորոնավիրուսային պատվաստանյութի երրորդ չափաբաժինը, հաղորդել է AP-ն:

Դեղամիջոցների դանիական գործակալությունը հայտարարել է, որ որոշ մարդկանց դեպքում «COVID-19-ի դեմ պատվաստումների ազդեցությունը կարող է անբավարար լինել, ինչպես նաեւ կարող է նվազել այլ պատվաստանյութերի ազդեցությունը»: Գործակալությունը հայտարարել է, որ սա խորհուրդ է՝ թե որ խմբերին է պետք առաջարկել COVID-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը՝ հիմնված խիստ թուլացած իմունային համակարգի վրա:

Սեպտեմբերի 10-ից Դանիան COVID-19-ն այլեւս «սոցիալապես վտանգավոր հիվանդություն» չի համարի եւ աստիճանաբար կհրաժարվի ռեստորաններ մուտք գործելու համար անհրաժեշտ անցաթղթից՝ պատվաստումների մեծ ծավալի պատճառով:

Դանիայի 12 տարեկանից բարձր բնակիչների ավելի քան 80 տոկոսը պատվաստվել է երկու անգամ, եւ երկիրը նպատակ ունի մինչեւ հոկտեմբերի 1-ը հասնել 90 տոկոսի: