Facebook-ը կդադարեցնի Instagram սոցիալական ցանցի հասանելիությունը այն օգտվողների համար, ովքեր անձնական տվյալներ բաժնում չեն նշել իրենց ծննդյան ամսաթիվը, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք հստակ հասկացրել ենք, որ ցանկանում ենք ավելին անել երիտասարդների համար ավելի անվտանգ սպասարկում ստեղծելու նպատակով: Դա անելու համար մենք պետք է իմանանք, թե քանի տարեկան են բոլորը Instagram-ում, ուստի մենք սկսեցինք մարդկանց խնդրել նշել իրենց ծննդյան տարեթիվը, եթե դա ավելի վաղ չէին արել»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Facebook-ը նշում է, որ այս տեղեկատվությունը կօգնի նաեւ սահմանափակել գովազդի կառավարման չափորոշիչները մինչեւ 18 տարեկանների լսարանների համար:
«Մենք կսկսենք հարցնել ձեր ծննդյան օրվա մասին, երբ բացեք Instagram-ը: Մենք ձեզ մի քանի անգամ ցույց կտանք ծանուցումը, եւ եթե դեռ չեք նշել ձեր ծննդյան ամսաթիվը, Instagram-ի օգտագործումը շարունակելու համար հարկավոր է դա անել: Երկրորդ, եթե տեսնում եք հաղորդագրությունների մեջ տեղադրված նախազգուշական էկրաններ, մենք ձեզ կհարցնենք ձեր ծննդյան օրվա մասին, նախքան դուք կկարողանաք այս հաղորդագրությունը տեսնել»,- հայտնում է ընկերությունը:
Facebook սոցիալական ցանցը հիմնադրվել է 2004 թվականի փետրվարին՝ 19-ամյա ամերիկացի ուսանող Մարկ Ցուկերբերգի կողմից: Գլխավոր գրասենյակը գտնվում է Մենլո Պարկում (Կալիֆոռնիա): Facebook-ին են պատկանում նաեւ Messenger, WhatsApp եւ Instagram ծառայությունները:





























