Միացյալ Նահանգները հայտարարում է, որ ամերիկացիներին Աֆղանստանից դուրս բերելու առաքելությունը կշարունակվի զորքերի դուրսբերումից հետո, հաղորդում է AP-ն:

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ տարհանման ջանքերը «զինվորական առաքելությունից անցել են դիվանագիտականին»: Նա վկայակոչել է «ազդեցության զգալի լծակները», որոնք ԱՄՆ-ն ունի թալիբների վրա, որպեսզի մնացած ամերիկացիներին դուրս բերի։ Նրանց թիվը, ըստ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչի, 200-ից քիչ է:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել Աֆղանստանի ժողովրդին բժշկական, սննդամթերքի եւ հումանիտար օգնության այլ տեսակների ուղարկումը: Նա միաժամանակ նշել է, որ օգնության այլ ձեւերը, այդ թվում` տնտեսական, կախված կլինեն «Թալիբան»-ի գործողություններից եւ հրապարակայնորեն հայտարարված պարտավորությունների կատարումից: