Ավստրիան պատրաստ չէ ավելի շատ աֆղանցիներ ընդունել եւ չի աջակցի Եվրամիության տարածքում Աֆղանստանից փախստականների բաշխման համաեվրոպական համակարգին: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, հաղորդում է AP-ն:

Հարցին, թե փախստականների ընդունման բեռը կիսելու ինչ առաջարկներ կան ԵՄ-ի բոլոր երկրներին, Կուրցը պատասխանել է, որ Ավստրիան 2015 թվականից արդեն ընդունել է միգրանտների «ավելի մեծ մասնաբաժին, քան համամասնականն է»:

Ավստրիան արդեն ունի չորրորդ ամենամեծ աֆղանական համայնքը աշխարհում, ասել է նա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից առաջ:

Մերկելն ասել է, որ իր կառավարությունն այժմ հիմնական ուշադրությունը դարձնում է այն բանի վրա, թե ինչպես օգնել 40 000 աֆղանցիներին, որոնք իրավունք ունեն իրենց մերձավորների հետ գալ Գերմանիա, քանի որ նրանք աշխատել են գերմանական զինված ուժերի կամ օգնության կազմակերպությունների համար:

«Մենք պետք է հասկանանք, թե նրանցից քանիսն են իրականում ցանկանում լքել երկիրը, եւ քանիսը՝ ոչ»,- ասել է նա: «Դա մեծապես կախված կլինի այն հանգամանքներից, որոնք թալիբները կստեղծեն երկրում»:

Գերմանիայի ներքին գործերի նախարարը, ելույթ ունենալով առանձին միջոցառման ժամանակ, ասել է, որ իր երկիրը պատրաստ է ընդունել հետապնդման վտանգի տակ գտնվող աֆղանցիներին, սակայն հրաժարվել է նշել նրանց թիվը: «Չեմ կարծում, որ այստեղ խելամիտ է խոսել թվերի մասին, քանի որ թվերն ակնհայտորեն ձգողական ազդեցություն ունեն, իսկ մենք դա չենք ցանկանում»,- ասել է նախարար Հորստ Զեեհոֆերը:

Նա ԵՄ բոլոր 27 երկրներին կոչ է արել համաձայնեցնել ապաստանի տրամադրման ընդհանուր քաղաքականությունը՝ նշելով, որ «Ավստրիան դեռ պատրաստ չէ դրան»: