Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայում միգրանտները գերմանացիներ են, նույնիսկ եթե նրանց անուններն օտար են հնչում: Այսպիսով, նա անդրադարձել է սպիտակ գերմանացիների շրջանում տարածված սովորությանը՝ գերմանական հողում ծնված թուրքերին հարցնել, թե որտեղից են, հայտնում է Reuters-ը:
«Ինտեգրումը չի կարող մի քանի սերունդների խնդիր լինել միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկի անունը Կլաուս կամ Էրիկա չէ»,- ժպտալով ասել է Մերկելը՝ 1960-ականներին աշխատուժի պակասը լրացնելու համար հարյուր հազարավոր թուրքերի ներգրավելու մասին Թուրքիայի հետ Գերմանիայի համաձայնագրի ստորագրման 60-ամյակին նվիրված միջոցառմանը:
«Հարցն այն է, թե որքա՞ն ժամանակ պետք է ինտեգրվի այն մարդը, ով չունի հստակ գերմանական անուն: Կարծում եմ, որ բոլորը պետք է հնարավորություն ունենան համարվել այս հողի մի մասը, եւ անունը չպետք է որեւէ դեր խաղա»,- հավելել է նա:
Մերկելը, ով 16 տարի ղեկավարում է Գերմանիան, մտադիր է հեռանալ սեպտեմբերի 26-ի ընտրություններից հետո, որոնցում իր պահպանողական դաշինքը վտանգում է կորցնել իշխանությունը, քանի որ հարցումներում հետ է մնում ձախակենտրոն սոցիալ-դեմոկրատներից:
Գերմանիայի Աշխատանքի դաշնային գործակալության գնահատականով՝ Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը պետք է տարեկան ընդունի մոտ 400 000 միգրանտի` աշխատուժի անբավարարության եւ արագ կրճատվող աշխատուժի խնդրի լուծման համար:
Գերմանիան միլիարդավոր եվրոներ է ներդրել լեզուների դասընթացների եւ ուսուցման համար, որպեսզի օգնի ապաստան հայցողներին աշխատանքի շուկա դուրս գալ` դասեր քաղելով թուրք աշխատողների հետ թույլ տված սխալներից, որոնց չեն օգնել սովորել լեզուն եւ բարելավել իրենց հմտությունները:





























