ԱՄՆ-ն խոստացել է 60 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ նախագահ Ջո Բայդենի եւ նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հանդիպումից առաջ, հայտնել է AP-ն:

Կոնգրեսին ուղղված հաղորդագրության մեջ Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ Ուկրաինային օգնության փաթեթ է անհրաժեշտ «նրա սահմանին ռուսական ռազմական ակտիվության զգալի աճի», ինչպես նաեւ «ականանետային հարձակումների, հրադադարի ռեժիմի խախտման եւ այլ սադրանքների» պատճառով:

«Ուկրաինայի սահմանի երկայնքով Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը բացահայտեց ուկրաինական զինված ուժերի՝ ռուսական ներխուժումից պաշտպանվելու կարողությունների անբավարարությունը», - ասվում է հաղորդագրության մեջ: «Ուկրաինայի կարողությունների զգալի բացերը պետք է շտապ լրացվեն ռուսական սպառնալիքը զսպելու համար»:

Զելենսկին Բայդենի հետ կհանդիպի Սպիտակ տուն այցելության ժամանակ, որը, վարչակազմը հույս ունի, աջակցություն կցուցաբերի Ուկրաինայի ինքնիշխանությանը: Սպիտակ տունը նաեւ հայտնել է, որ Բայդենը մտադիր է աջակցել Զելենսկուն երկրում կոռուպցիայի դեմ պայքարում:

Ակնկալվում է, որ Զելենսկին Բայդենի` «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի շինարարությունը չարգելափակելու որոշման վերաբերյալ հարց կբարձրացնի:

Օգնության նպատակն է՝ ցույց տալ ԱՄՆ-ի նվիրվածությունը Ուկրաինայի անվտանգությանը: Նոր փաթեթը կներառի ավելի շատ Javelin հակատանկային հրթիռներ, որոնք Կիեւը համարում է պաշտպանական նշանակություն ունեցող:

Մարտին Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 125 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին՝ ներառյալ երկու պարեկային նավեր, որոնք կօգնեն երկրին պաշտպանել իր տարածքային ջրերը: