ԱՄՆ Վիրջինիա նահանգի նահանգապետ Ռալֆ Նորթհեմը հետմահու ներում է շնորհել այսպես կոչված Մարթինսվիլի յոթնյակին՝ յոթ սեւամորթ տղամարդու, ովքեր հոսանքահարվեցին 1951 թվականին 32-ամյա սպիտակամորթ Ռուբի Սթրաուդ Ֆլոյդի բռնաբարության մեղադրանքով, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով HuffPost-ը:
Պարբերականը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել 1949 թվականին Մարթինսվիլ քաղաքի թաղամասերից մեկում, որը հիմնականում բնակեցված էր աֆրոամերիկացիներով: Կինն այնտեղ է գնացել՝ ավելի վաղ վաճառված հագուստի համար գումարը վերցնելու:
Դեռ 1950-ականներին յոթ երիտասարդ աֆրոամերիկացիների նկատմամբ մահապատժի դատավճիռը, որոնցից ոմանք քսան տարեկանից փոքր էին, քննադատում էին հետաքննության եւ դատավարության հնարավոր կողմնակալության համար: Ամբաստանյալներին ներում շնորհելու միջնորդություններ են ուղարկվել նաեւ այլ երկրներից:
Դեկտեմբերին մահապատժի ենթարկվածների ժառանգները դիմել էին նահանգապետին՝ շեշտելով, որ Մարթինսվիլի յոթնյակը պատշաճ դատավարություն չի ստացել «պարզապես այն պատճառով, որ նրանք սեւամորթ էին»: Ամբաստանյալների հարազատները կարծում են, որ նրանք մահապատժի են դատապարտվել «այն հանցագործության համար, որի համար սպիտակամորթ մարդը մահապատժի չէր ենթարկվի»:
Իրենց դիմումի մեջ սերունդներն առաջին հերթին շեշտադրում էին կատարում դատավարության եւ դատավճռի արդարացիության վրա, այլ ոչ թե հարազատների հնարավոր անմեղության:





























