ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններն այն մասին, որ «ժամանակն է վերջ տալ» այլ երկրների գործերին միջամտելուն, դրական են, Մոսկվան ողջունում է այդ մոտեցումը, չորեքշաբթի ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պահը շատ հետաքրքիր է, որը նշվեց ինչպես ԱՄՆ նախագահ Բայդենի, այնպես էլ Ֆրանսիայի նախագահ (Էմանուել) Մակրոնի կողմից. նրանք երկուսն էլ գրեթե մեկ -երկու օրվա տարբերությամբ հայտարարեցին, որ ժամանակն է վերջ տալ, կներեք արտահայտությանս համար, միջամտությանն այլ երկրների ներքին գործերին՝ նպատակ ունենալով արեւմտյան ոճով ժողովրդավարություն պարտադրել նրանց»,- ասել է Լավրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի ուսանողների հետ հանդիպմանը:

«Մենք ողջունում ենք այդպիսի հայտարարությունները: Մենք վաղուց կոչ ենք անում դասեր քաղել այն արկածախնդրություններից, որոնցում մեր արեւմտյան գործընկերները ներքաշվում էին տասնամյակներ շարունակ»,- ասել է նախարարը:

«Հուսով եմ, որ եթե այս հայտարարություններն արտացոլում են դժվարությամբ արված եզրակացությունը, ապա մեր մոլորակի վրա ապագայում մի փոքր ավելի հանգիստ կլինի»,- հավելել է Լավրովը:

Երկուշաբթի ԱՄՆ-ն ավարտեց իր դուրսբերումը եւ 20-ամյա առաքելությունն Աֆղանստանում: Երեքշաբթի ժողովրդին ուղղված իր ուղերձում Ջո Բայդենը ասաց, որ Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալը վերջ է դնում այլ երկրների՝ ուժային ճանապարհով վերակազմակերպման փորձերի դարաշրջանին: