Տաջիկստանում Աֆղանստանի դեսպան Մուհամեդ Զոհիր Ագբարը հայտնել է, որ «Թալիբան» շարժման զինյալները մտադիր են սպանել Փանջշերում դիմադրության ճակատի առաջնորդ Ահմադ Մասուդին: Այս մասին նա հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

Ըստ Ագբարի՝ թալիբները կոչնչացնեն Մասուդին եւ չեն բանակցի դիմադրության ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ամերիկյան իշխանությունները թալիբների վրա ազդեցության լծակներ ունեն: Նա պարզաբանել է, որ խոսքը թալիբների խոստման մասին է՝ թույլ տալ անվտանգ կերպով լքել Աֆղանստանը բոլոր նրանց, ովքեր ցանկանում են դա անել, այդ թվում՝ նրանց, ովքեր աշխատել են ամերիկացիների հետ:

Օգոստոսի 31-ին «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլահ Մոջահիդը հայտնել էր, որ շարժման եւ Փանջշերի դիմադրության ուժերի միջեւ առաջընթաց է գրանցվել:

Փանջշերում կազմակերպված դիմադրության ողնաշարը տեղացի տաջիկներն են: Ապստամբներին առաջնորդում է Ահմադ Մասուդը: Նրան աջակցել է Աֆղանստանի նախկին փոխվարչապետ Սալեհ Ամրուլահը: Թալիբներն այժմ բանակցում են նահանգում հակամարտության խաղաղ լուծման շուրջ: