Ֆրանսիան հաստատել է, որ «Թալիբան» շարժումը բանակցություններ է վարում Թուրքիայի եւ Կատարի հետ Քաբուլի միջազգային օդանավակայանի կառավարման շուրջ:

Բանակցությունների նպատակն է հնարավորինս շուտ ապահովել օդանավակայանի անվտանգությունը, որպեսզի մարդիկ կարողանան երկիրը լքել կոմերցիոն թռիչքներով, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը, փոխանցում է  Al Jazeera-ն:

«Օդանավակայանների անվտանգության վերաբերյալ Անվտանգության խորհրդի որոշումը պետք է կյանքի կոչվի: Օդանավակայանի կառավարման վերաբերյալ բանակցություններ են ընթանում կատարցիների եւ թուրքերի հետ: Մենք պետք է պահանջենք, որպեսզի օդանավակայան մուտքն ապահով լինի»,- ասել է Լե Դրիանը:

Հունիսին Թուրքիան առաջարկել էր կառավարում եւ անվտանգություն ապահովել Քաբուլի ռազմավարական Համիդ Քարզայի օդանավակայանի համար Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Սակայն անվտանգության հետ կապված իրավիճակն Աֆղանստանում արագորեն վատթարացավ թալիբների կողմից իշխանության զավթման ֆոնին:

Հանգստյան օրերին թալիբները հայտարարել էին, որ ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ինքնուրույն կապահովեն Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունը:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդի հայտարարությունը հաջորդել էր Middle East Eye լրատվական կայքի հաղորդագրությանը, ըստ որի՝ Թուրքիան եւ Կատարը մոտ են թալիբների հետ օդանավակայանի կառավարման եւ անձնակազմի անվտանգության վերաբերյալ համաձայնությանը: