Կատարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Քաբուլում՝ տեխնիկական թիմի հետ միասին, որը պետք է գնահատի օդանավակայանի վերագործարկման հնարավորությունը թալիբների կողմից Աֆղանստանը գրավելուց հետո:

«Կատարի ինքնաթիռը տեխնիկական թիմի հետ այսօր վայրէջք կատարեց Քաբուլում՝ օդանավակայանում աշխատանքի վերսկսման հարցը քննարկելու համար», - AFP-ին հայտնել է աղբյուրը: «Չնայած տեխնիկական օգնության տրամադրման վերաբերյալ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել, Կատարի տեխնիկական խումբը նախաձեռնել է այս քննարկումը մյուս կողմի խնդրանքով: Անվտանգության եւ շահագործման հարցերի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են»:

Աղբյուրը հայտնել է, որ նպատակը թռիչքների վերսկսումն է ինչպես մարդասիրական օգնության, այնպես էլ ազատ տեղաշարժի, այդ թվում` տարհանման համար:

Twitter-ում արաբական լրատվամիջոցները, վկայակոչելով «Թալիբան» շարժման ներկայացուցչին, հայտարարել են, որ իրենք «պաշտոնապես խնդրել են Կատարին հնարավորինս շուտ օգնել օդանավակայանի կառավարման հարցում»:

Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ Քաբուլի օդանավակայանը վատ վիճակում է, հիմնական ենթակառուցվածքների մեծ մասը ավերված է: