Զինվորականները, որոնք փորձում են զավթել իշխանությունը Գվինեայում, հայտարարել են երկրում սահմանադրության գործառնությունը կասեցնելու մասին եւ լուծարել են խորհրդարանը, հաղորդում է BBC News-ը:
Ապստամբների ղեկավար գնդապետ Մամադի Դումբայը համապատասխան հայտարարություն է արել, որով կարգադրել է փակել Գվինեայի արտաքին սահմաններն ու կոչ արել զինծառայողներին մնալ զորամասերում:
«Գվինեացիներ, երկրում սոցիալական, քաղաքական եւ տնտեսական իրավիճակն այնքան բարդ է, որ զինվորականները որոշում են կայացրել պատասխանատվություն ստանձնել Գվինեայի ապագայի համար»,-հայտարարել է Դումբուան: Նա հայտարարել է երկրում սահմանադրության գործառնության դադարի, խորհրդարանի լուծարման, արտաքին սահմանների փակման մասին, ինչպես նաեւ կոչ է արել զինվորականներին մնալ զորամասերում:
Ապստամբների ղեկավարը նաեւ հայտարարել է, որ երկրի նախագահ Ալֆա Կոնդոն ձերբակալվել է զինվորականների կողմից, ինչպես եւ մի շարք այլ բարձրաստիճան անձինք: Այդ տեղեկատվությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել:





























