Թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը հայտարարել է չորս մարդու կալանավորման մասին, որոնք բռնություն են կիրառել Քաբուլում բողոքի ցույցի դուրս եկած կանանց հանդեպ, տեղեկացնում է The Guardian թերթը։

«Նրանք դաժան վերաբերմունք են դրսեւորել կանանց եւ Al Arabiya-ի թղթակցի հանդեպ։ Իրադարձությունների վայր են ժամանել հետախուզական վարչության իրավակարգի պահպանման աշխատակիցները, նրանք իրավիճակը վերցրել են իրենց վերահսկողության տակ ու կալանավորել են նրանց»,- ասել է Մուջահիդը։

«Թալիբանի» ներկայացուցիչը ժամանակավրեպ է անվանել Քաբուլի ցույցերն այն պատճառով, որ թալիբները դեռ կառավարություն չեն ձեւավորել։

«Հիմա բողոքների ժամանակը չէ, քանի որ «Թալիբանը» նոր է եկել իշխանության, բոլոր ատյանները չեն աշխատում։ Մենք եղանք պայթյունների վկաներն օդանավակայանում, իրավիճակն անվտանգ չէ։ Նրանք պետք է համբերությամբ զինվեն եւ սպասեն կառավարության ձեւավորմանը, իսկ հետո արդեն կարող են պահանջել նրանից»,- ընդգծել է նա։