Օդինցովոյում Ռուբլյովո-Ուսպենսկոե մայրուղու վրա ծեծկռտուքից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել 15 մարդու, նրանց մի մասը օտարերկրյա քաղաքացիներ են, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ ավելի վաղ հերթապահ բաժանմունքին տեղեկացվել էր Ռուբլյովկայի Ուսովո-Տուպիկ գյուղում «մարդկանց մեծ կուտակման» եւ ծեծկռտուքի մասին:

Ոստիկանության աշխատակիցներն անմիջապես ժամանել են դեպքի վայր: Այս միջադեպին ներգրավվածությունը ստուգելու, ինչպես նաեւ վկաներին եւ ականատեսներին բացահայտելու համար հարակից տարածքի եւ բնակելի հատվածի դիտարկման ընթացքում ոստիկանությունը 15 հոգու բերման է ենթարկել Բարվիխինսկիյ հերթապահ մաս:

Երկու քաղաքացիների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ` Վարչական օրենսգրքի 18.8-րդ հոդվածի համաձայն` «Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կանոնները կամ Ռուսաստանի Դաշնությունում մնալու (բնակության) ռեժիմը խախտելը»: Ստուգումներ են կատարվում: