Քաղաքական նպատակը ուժի ցուցադրությունն էր, ընդ որում նաեւ այն առումով, որ սեփական թիմի վրա էլ Նիկոլը վստահություն չունի, եւ նպատակը նրանց եւս քրեական տարբեր տիպի երեւույթների միջով անցկացնելն էր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում հայտնի ծեծկռտուքին ՔՊ-ականների եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջեւ:

«Անցած տարվա նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ Նիկոլի թիմում էլ կարող են ցանկացած պահի արտահոսքեր եւ զարգացումներ լինեն: Նա լավ հասկանում է, որ հատկապես առաջիկայում պետք է գնա սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին, իշխանության  վիճակը բոլորովին էլ լավ չէ, բավականին խախուտ է եւ ցանկացած պահի կարող են որոշակի զարգացումներ լինել:

Մենք տեսնում ենք, որ իշխանության ներսում էլ ձեւավորվում են թիմեր, գնում են պրոցեսներ, դրանք շաղկապվում են արտաքին քաղաքական որոշ զարգացումների հետ: Արտաքին ազդեցության կենտրոններ են արդեն աշխատում Նիկոլի թիմի մեջ որոշակի կղզյակներ ձեւավորելու, հետագայում ճիշտ պահին յուրաքանչյուր արտաքին ազդակ փորձի իր ցանկալի թեկնածուով փոխարինել նրան, կամ զարգացումներն իր  համար ցանկալի հունով տանելու»,-ասաց Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով, արտաքին կենտրոնները ՔՊ-ին ինքնասպանության տանելու միջոցով փորձում են Հայաստանի դերը Հարավային Կովկասում եւ անվտանգային առումով, եւ կոմունիկացիոն առումով, նվազեցնել, չեզոքացնել. «Այն դերը, որ Հայաստանն ուներ 1994-ի մայիսից մինչեւ 2020-ի նոյեմբերի 10-ը, Հայաստանի ձեռքից խլված է, եւ Հայաստանն այլեւս անվտանգություն արտադրող պետություն չէ: Հայաստանի քաղաքացիները, տնտեսությունը, սոցիալական կյանքը անվտանգ չեն»,-ասաց նա:

ՀՀԿ-ական գործիչը նաեւ նկատեց. «Մեզ համար շատ կարեւոր է, որ ռուսական խաղաղարար ուժերի տեղակայումը Արցախում մեկ ժամկետով չավարտվի: Մենք պետք է այս ուղղությամբ աշխատենք: Պարզ է, որ դա Ադրբեջանին ձեռնտու տարբերակ չէ: Դա Արցախի անվտանգության միակ իրական երաշխիքն է եւ հետեւաբար, պետք է այդ երաշխիքն ունենալով այնտեղ լրացուցիչ մեր հնարավորությունները ստեղծենք, որպեսզի կարողանանք Արցախը պահել սեփական անվտանգության միջոցներն ունենալով»: