Շրի Լանկայի խորհրդարանը հավանություն է տվել արտակարգ դրություն մտցնելուն, ինչի մասին հայտարարել է նախագահը, ով ասել է որ դա անհրաժեշտ է սննդամթերքի գները վերահսկելու համար՝ մի քանի հիմնական մթերքների անբավարարության պայմաններում, հաղորդում է AP-ն։
Ընդդիմադիր օրենսդիրները հայտարարել են, որ արտակարգ դրություն հայտարարելու կարիք չկա, քանի որ կենսական անհրաժեշտ պաշարների պահպանման համար կարող են օգտագործվել այլ օրենքներ, իսկ արտակարգ դրության խիստ կանոնները կարող են օգտագործվել ընդդիմադիրներին ճնշելու համար:
Արտակարգ դրության մասին օրենքը թույլ է տալիս իշխանություններին մարդկանց առանց օրդերի ձերբակալել, գույքը զավթել, մտնել եւ խուզարկել ցանկացած տարածք, կասեցնել օրենքների գործունեությունը եւ արձակել հրամաններ, որոնք չեն կարող վիճարկվել դատարանում: Նման կարգադրություններ անող պաշտոնյաները նույնպես պաշտպանված են դատական հայցերից:
Նախագահ Գոտաբայա Ռաջապաքսան օգոստոսի 30-ին արտակարգ դրություն է հայտարարել: Սահմանադրությունը պահանջում է, որ այն 14 օրվա ընթացքում հաստատվի խորհրդարանի կողմից, որտեղ իշխող կուսակցությունն ունի ավելի քան 150 տեղ:
Շրի Լանկան վերջին 50 տարվա ընթացքում մեծ մասամբ արտակարգ դրության մեջ է, քանի որ երկու ապստամբություն եւ տասնամյա քաղաքացիական պատերազմ է ապրել:





























