Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պատրաստվում է մինչեւ հոկտեմբերի 2-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունները Վրաստան վերադառնալ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Այսօր հրապարակված տեսաուղերձում Սահակաշվիլին արտասահմանում ապրող Վրաստանի մյուս քաղաքացիներին եւս կոչ է արել «արձակուրդ վերցնել» եւ վերադառնալ Վրաստան՝ ընտրություններին մասնակցելու համար:

Սա առաջին դեպքը չէ, երբ Սաակաշվիլին խոստանում է իր կողմնակիցներին գալ Վրաստան: Յուրաքանչյուր նման հայտարարությունից հետո ներկայիս իշխանություններն ասում են, որ այդ դեպքում նախկին նախագահը կձերբակալվի:

Այս անգամ եւս Վրաստանի երրորդ նախագահն ընդգծել է, որ վերադառնալու դեպքում չի վախենում ձերբակալությունից, ինչպես նաեւ դա ռեվանշ չի համարում:

«Դուք գիտեք, որ իմ դեմ հարուցվել է քրեական գործ, որը չի ճանաչվել աշխարհի ոչ մի երկրի կողմից: Ես մեկնում եմ ամենուր, այդ թվում՝ Վրաստանի հարեւան երկրներ, ինձ ընդունում են ամենուր եւ ոչ մի տեղ որեւէ մեկը հարցեր չի տալիս Վրաստանում իմ դեմ հարուցված, այսպես կոչված, «քրեական գործերի» վերաբերյալ: Սա ակներեւ ապացույց է, որ այդ գործերը կեղծված են»,- ասել է Սահակաշվիլին:

«Ես չեմ վախենում, որ նրանք ինձ կձերբակալեն, ես վստահ եմ, որ վրաց ժողովուրդն ինքը կազատագրվի, եւ ինձ էլ կազատագրի: Ես չեմ վախենում իմ ճակատագիրը վրաց ժողովրդի ձեռքը հանձնել... Ոչ մի ռեւանշ չի լինի, քանի որ մենք պետք է վերջ տանք ռեւանշի եւ դժբախտության նույն շրջանակով քայլելուն»,- նշել է նախկին նախագահը:

Սահակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է երկու ժամկետով: 2013-ին, այն բանից հետո, երբ նրա «Ազգային շարժում» կուսակցությունը պարտվեց ընտրություններում, եւ մեկ տարի անց ավարտվեց նրա երկրորդ նախագահական ժամկետը, Սահակաշվիլին լքեց երկիրը եւ այդ օրվանից չի վերադարձել հայրենիք: Նա ապրել է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, այնուհետեւ հաստատվել է Ուկրաինայում, որտեղ վերջին տարիներին աշխատել է որպես նախագահին կից բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար: Սահակաշվիլին ներկայումս Վրաստանի քաղաքացի չէ՝. նա ինքնաբերաբար զրկվել է դրանից այն բանից հետո, երբ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալիս չկատարեց երկքաղաքացիություն ստանալու կարգը: Սահակաշվիլու հեռանալուց հետո «Վրացական երազանք»-ի կառավարությունը նրան մեղադրեց մի շարք հանցագործությունների մեջ` կապված պաշտոնեական դիրքի չարաշահման հետ: