Ֆիզիկայի գիտավանի կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «Ֆիզգորոդոկի» բնակիչներից Կարեն Ամիրխանյանը 11 օր է՝ հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի թաղամասում կատարվող ապօրինի շինարարության դեմ։
«Ընդհանուր առմամբ, ինքնազգացողությունս նորմալ է։ Աշխատում ենք ինչքան հնարավոր է շատ հեղուկ օգտագործել, եւ այս մաքուր օդը շնչել։ Թուլություն կա, աշխատանքին խանգարող հանգամանքներ կան»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Ամիրխանյանը։
Հացադուլ է հայտարարել բնակիչներից նաեւ Հայկ Հարությունյանը։ «Ֆիզգորոդոկի» տարածքի բնակիչները պահանջում են կասեցնել Ալիխանյան 6/1հասցեում սկսված եւ իրենց պնդմամբ ապօրինի շինաշխատանքները, որոնք այս օրերին դադարեցված են, սակայն տարածքը շարունակում է մնալ ցանկապատված։
«Մեր նպատակն է, որ մեր վրա ուշադրություն դարձնեք, ու այս հարցը ինչքան հնարավոր է շուտ օրինական դաշտ տեղափոխենք»,– նշեց «Ֆիզգորոդոկի» բնակիչը։
Շուրջ 2000 քմ մակերեսով հողատարածքի սեփականատերը «Ռատկո» ընկերությունն է, որը Երեւանի քաղաքապետարանից շինթույլտվության իրավունք ստացել է 2021-ի հուլիսին։ ԿԳՄՍ-ն 2021թ-ի փետրվարին «Ֆիզգորոդոկի» տարածքը ճանաչել է որպես նորահայտ հուշարձան, իսկ մայիսին Ալիխանյան 6/1-ի հասցեի հողակտորը հանել է հուշարձանի տարածքից: Այստեղ նախատեսվում է բազմաբնակարանային շենք կառուցել, որի նպատակով հատվում են տարածքի երկարամյա բազմաթիվ ծառեր, բացի այդ սահմանափակվելու է մուտքը հարակից շենքեր։
Կարեն Ամիրխանյանը պնդում է, որ պատկան մարմինները խոչընդոտում են իրենց՝ շինթույլտվության վերաբերյալ այս կամ այն փաստաթղթին ծանոթանալու իրավունքը։
«Մենք փաստեր ունենք, որ այս հողատարածքը անօրինական է սեփականաշնորհվել։ Մեզ պետք է լրացուցիչ ինֆորմացիա քաղաքապատերանից, մասնավորապես՝ այս տարածքը դիտարկվե՞լ է Հողային օրենսգրքի 60 հոդվածի տակ գտնվող տարածք, թե՞ ոչ, եւ այլ փաստաթղթեր, որոնք մինչ այժմ չեն ներկայացվել։ Ըստ այդ հոդվածի՝ այն տարածքները, որոնք գտնվում են հասարակական օգտագործման վայրերում, իրավունք չունեին սեփականաշնորհվել, բայց թույլտվություն է տրվել»,– ասաց Կարեն Ամիրխանյանը։
Դեռ օրեր առաջ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ բնակիչները դիմել են դատարան՝ վիճարկելու կառուցապատումը. դատարանը վարույթ է ընդունել հայցը, բայց չի կասեցրել շինարարությունը: Բնակչի խոսքով՝ ցանկապատից այն կողմ չգիտեն՝ շինաշխատանքներ կատարվո՞ւմ են, թե՞ ոչ։
Շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում ծանր հետեւանքների հանգեցնելու հոդվածով։ Գործը նախաքննության փուլում է։
«Ֆիզգորոդոկի» բնակիչները 20-օրյա ժամանակ են տվել պատկան մարմիններին։ Մեկ շաբաթ անց հացադուլ հայտարարած Կարեն Ամիրխանյանն ու Հայկ Հարությունյանը կհայտարարեն իրենց անելիքների մասին։ Կարենը չի բացառում, որ պայքարը տեղափոխեն Երեւանի քաղաքապետարանի մոտ։
Ի դեպ, հացադուլավորներին պատկան մարմիններից ոչ ոք այս ընթացքում չի այցելել։





























